-Պարոն Մուրադյան, ի՞նչ նպատակներ է հետապնդում կազմակերպությունը։
-20 տարուց ավելի է՝ մշտապես չեմ բնակվում գյուղում, սակայն իմ ծննդավայրն իմ ուշադրության կենտրոնում է, նախորդ տարիներին պարբերաբար միջոցառումներ էինք կազմակերպում. մասնավորապես‚ 2015-ին Հայաստանի պատմության թանգարանում գումարվեց երևանաբնակ լճաշենցիների անդրանիկ համաժողովը, որին մասնակցում էին կրթության, գիտության, արվեստի, առողջապահության, գործարար բնագավառի երեք տասնյակ լճաշենցիներ: Համաժողովի ընթացքում առաջարկություններ հնչեցին գյուղին վերաբերող աշխատանքները համակարգելու համար ստեղծել որևէ կազմակերպություն: Դրան հաջորդող տարիներին ևս, որոշակի աշխատանքներ իրականացնելիս, նկատվում էր պաշտոնական կառույց ունենալու անհրաժեշտությունը. այսպես հիմնեցինք «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ն: Խորհրդանշական է կազմակերպության տարբերանշանը, որի վրա պատկերված են Լճաշենում գտնվող կիկլոպյան ամրոցները, գյուղի վերաբնակեցման տարեթիվը՝ «1828», Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, աշխատանքը խորհրդանշող հասկը, հետնամասի կապույտ գույնը խորհրդանշում է խաղաղություն և Սևանա լճի լազուրը։ Տարբերանշանը եզրագծված է իրար ձեռք բռնած մարդկանցով, որը խորհրդանշում է աշխարհասփյուռ լճաշենցիների միասնությունը: Հավատացած ենք, որ համատեղ աշխատանքով այս խորհրդանշական գաղափարը կվերածվի իրականության, և միասնաբար, քայլ առ քայլ կյանքի կկոչենք մեր բոլոր ծրագրերը: ՀԿ-ն պաշտոնապես գրանցելուց մեկ ամիս հետո համավարակի պատճառով երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, և աշխատանքները հիմնականում սկսեցինք իրականացնել առցանց եղանակով:
-Ի՞նչ ծրագրեր ունի ՀԿ-ն, ովքե՞ր են անդամները, միայն Հայաստանում բնակվող լճաշենցինե՞ր, թե՞ կան նաև Հայաստանից դուրս բնակվողներ, որոնք ծագումով Լճաշենից են։
-Նորաստեղծ ՀԿ-ի ծրագրերը բազմաթիվ են ու բազմաբնույթ, սակայն առավել առարկայական եթե նշենք, օրեր առաջ տեղեկացանք, որ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրված մրցութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մեր ներկայացրած «Լճաշենցիները՝ Լճաշենի մասին» ծրագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այս ծրագրով ցանկանում ենք հնարավորինս բարեկարգել Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանը և այն դպրոցական գրադարանից վերածել կրթամշակութային և տեղեկատվական կենտրոնի, որն էլ կծառայի Լճաշենի հազարամյա պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը։ Այս հայրենանվեր առաքելությունը նախատեսում ենք իրականացնել երեք սերնդի լճաշենցիների փոխգործակցությամբ: Ավագ սերնդի (գիտության ու մշակույթի ոլորտում աշխատող լճաշենցի գիտնականներ), երիտասարդ սերնդի (Լճաշենի դպրոցի շրջանավարտ ուսանող-պրակտիկանտներ), կրտսեր սերնդի (Լճաշենի դպրոցի ավագ դասարանի աշակերտներ) համատեղ աշխատանքի արդյունքում մարզային «Գեղամա» հեռուստաընկերության և համացանցի միջոցով մարդիկ կծանոթանան մեր հայրենի գյուղի անկրկնելի արժեքներին: Անշուշտ, ՀԿ-ի անդամները և՛ Լճաշենում բնակվող մեր համագյուղացիներն են, և՛ Հայաստանում ու սփյուռքում գտնվող լճաշենցիները։ Ուրախալի էր, որ հատկապես վերջին ամիսներին տասնյակ նամակներ ենք ստանում արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից։ Այսպիսով, «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով իրեն համարում է լճաշենցի և պատրաստակամ է մեր թիմի հետ համագործակցելու։ Նշենք, որ բավականին ակտիվ գործարկվում են «Լճաշենցիների միավորում» և «Լճաշենցիներ» ֆեյսբուքյան էջերը, հատկապես արտակարգ դրության օրերին մենք աշխատում ենք առցանց եղանակով: Կազմակերպում ենք տարատեսակ խաղ-մրցույթներ, վիկտորինաներ՝ գյուղի գերդաստանների, բարբառի, հանդամասերի վերաբերյալ, ինպես նաև ռետրո լուսանկարների ցուցադրություն համացանցում՝ այս կերպ փորձելով մարդկանց կապն ավելի սերտացնել ծննդավայրի հետ։
-Գյուղը չունի եկեղեցի։ Կա՞ն ծրագրեր կառուցելու։
-Թեպետ մեր գյուղը հայտնի է իր հոգևոր ու պատմամշակութային կոթողներով, սակայն, ցավոք, ճիշտ նկատեցիք` չունենք գործող եկեղեցի: Տասնամյակներ շարունակ լճաշենցիներիս բաղձալի ցանկությունն է գյուղում եկեղեցի ունենալը: Այս կապակցությամբ տարիներ շարունակ կատարվել են որոշակի աշխատանքներ: Շատ էինք ցանկանում վերակառուցել գյուղի կենտրոնում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, սակայն դա տեխնիկապես հնարավոր չէ: Բազմադարյա այս եկեղեցու վերակառուցումը մեծապես կվնասի շրջակա գերեզմանոցին, այդ պատճառով էլ գյուղապետարանի նախաձեռնությամբ 2013-ին Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ տեղի ունեցավ նոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը: Սակայն կարճ ժամանակ անց դադարեցվեց եկեղեցու շինարարությունը: Այս հարցի վերաբերյալ պարբերաբար զրուցել ենք Լճաշենի գյուղապետի հետ: Նույնիսկ դիմել եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որից հետո եկեղեցու նախագծի վերաբերյալ քննարկումներ ենք ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնում: Այժմ էլ պարբերաբար և հետևողական աշխատանքներ ենք իրականացնում Գեղարքունյաց թեմի ներկայիս առաջնոդ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի հետ: Հայր սուրբի առաջարկով և օրհնությամբ ստեղծել ենք եկեղեցու շինարարական աշխատանքները համակարգող հանձնաժողով: Այսուհանդերձ, մեր բոլորի նվիրական երազանքն իրականություն դարձնելու և Լճաշենում աղոթատեղի ունենալու համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական միջոցներ: Նախատեսում ենք Սփյուռքում բնակվող լճաշենցի երգիչների մասնակցությամբ արտերկրի հայ համայնքներում կազմակերպել բարեգործական համերգներ, որոնցից ստացված հասույթը կհատկացվի Լճաշենի Սուրբ Աստվածածին կիսակառույց եկեղեցու շինարարությանը։ Այս ծրագիրը կյանքի կոչելու նպատակով պարբերաբար կապի մեջ ենք Սփյուռքում բնակվող լճաշենցի երգիչ-երաժիշտների հետ, մասնավորապես, Հայաստանի վաստակավոր արտիստ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Ժողովրդական երգիչ Արմեն Հովհաննիսյանի (ԱՄՆ, Լոս Անջելես), Լիոնի օպերայի երգիչ Վաղինակ Վանիկի Դավթյանի (Ֆրանսիա, Լիոն), մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ժպիտի շքանշանակիր» Աշոտ Տեր-Գրիգորյանի թոռնուհու` դաշնակահարուհի Ծովինար Սուֆլյանի (Շվեյցարիա, Լյուցեռն), Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում հրավիրյալ սոլիստ Սերգեյ Ստեփանյանի հետ:
-Գյուղի տարածքում կան սրբատեղիներ, դրանց վերականգնման կամ բարեկարգման ուղղությամբ ի՞նչ է արվում։
-Մեր գյուղը համարվում է թանգարան բաց երկնքի տակ, և մեզ բաժին հասած մշակութային ժառանգությանը պետք է վերաբերվենք ամենայն հարգանքով ու հոգատարությամբ: Պարբերաբար շաբաթօրյակներ ենք իրականացնում 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե խոնարհված եկեղեցու տարածքում: Օրեր առաջ գյուղի մի խումբ երիտասարդներ սեփական նախաձեռնությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացրել «Սարի Սուրբ» կոչվող սրբավայրում, և իրենց պատրաստակամությունը հայտնել ներգրավվելու նաև «Լճաշենցիների միավորում» ՀԿ-ի իրականացնելիք ծրագրերում: Ես շնորհակալ եմ գյուղում և գյուղից դուրս բնակվող բոլոր լճաշենցիներին, որոնց սրտացավ պատրաստակամությունը մեզ ուժ և ոգևորություն են հաղորդում:
-Պատանիների, երիտասարդների համար ժամանցի ծրագրեր իրականացվու՞մ են։
-ՈՒրախալին այն է, որ հաճախ հետաքրքիր ու ինքնատիպ նախաձեռնություններ առաջարկում են հենց իրենք՝ երիտասարդները, իսկ մենք փորձում ենք որոշակի ծրագրեր իրականացնել ըստ թիրախային խմբերի: Բուհեր ընդունվել ցանկացող դիմորդները, ուսանողների կամ այլ բնագավառում աշխատող լճաշենցի երիտասարդները մշտապես կապի մեջ են մեզ հետ: Մեր առաջնային ու հիմնական նպատակներից մեկը հենց գյուղում երիտասարդների զբաղվածության հարցը կարգավորելն է: Կարծում եմ՝ մոտիվացիայի պակասից է, որ շատերն իրենց հետաքրքրությունները դրսում են որոնում: Մի քանի դրական օրինակը բավական է, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցի` հենց իր տան բակում և իր ունեցած հնարավորություններով կարելի է բարիք ստեղծել: Այս առումով համագործակցում ենք հայաստանյան և մեր երկրում գործող միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես «Կանաչ արահետ» ՀԿ-ի, որը լայնածավալ գործունեություն է իրականացնում Հայաստանի գյուղական համայնքներում, և հավատացած ենք` մեր նորաստեղծ ՀԿ-ի ու «Կանաչ արահետի» համագործակցության արդյունքում Լճաշենում ևս արդյունավետ ծրագրեր կիրականացնենք:
-Գյուղն ունի հարուստ պատմություն, այն ինչ-որ կերպ ներկայացվա՞ծ է համայնքում։
-ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում առաջիկայում գյուղում բացվելու է հնագիտական թանգարան, և ինչպես նշեցի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի շրջանակում մեր ՀԿ-ն իրականացնելու է Լճաշենի պատմամշակութային ժառանգության հանրահռչակման ծրագիր, որի ավարտից հետո պատրաստված պաստառները, ալբոմները, QR կոդով բացիկները, տեսանյութերն ու այլ անհրաժեշտ նյութեր տրամադրելու ենք Լճաշենի նորաբաց թանգարանին: Նաև հնարավորինս կփորձենք գյուղացիների շրջանում մոտիվացիոն աշխատանքներ իրականացնել, որպեսզի իրենց բնակարաններում ունեցած հնագիտական նյութերը նվիրաբերեն հայրենի գյուղի թանգարանին:
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ